Ինչպես դիմել

Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ (2024-2025 ուսումնական տարի)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝  2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն ԿԱՄ Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամ հետևյալ ժամկետներում՝ Հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը: 

ԿԳՄՍ նախարարությունում դիմորդների ընդունելությունը իրականացվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-ից մինչև 17.00-ը, ընդմիջում 13.00-ից մինչև 14.00-ը:

Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից
օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի
բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
անձնագրի պատճեն,
սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգայինվավերացմամբ (ապոստիլ),
3x4 չափսի 4 լուսանկար,
ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին Կամ ուղարկեն Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի էլէկտրոնային փոստին՝ info@erebuniacademy.am, secretary@erebuniacademy.am

Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած՝ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն: