«Էրեբունի» բժշկական ակադեմիան՝ ՀՊՄՀ նոր գործընկեր

15.05.2023
«Էրեբունի» բժշկական ակադեմիան՝  ՀՊՄՀ  նոր գործընկեր

Հայկական պետական մանկավարժական համալսարանի և «Էրեբունի» բժշկական ակադեմիայի միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին կրթական հաստատությունների ռեկտորներ Սրբուհի Գևորգյանն ու Արթուր Իկիլիկյանը։

Հուշագրի նպատակն է մեկտեղել երկու հաստատությունների ջանքերը, միջոցներն ու փորձը ուսումնակրթական բնույթի ծրագրերի, փորձաքննությունների իրականացման, մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների, գիտական հոդվածների հրատարակման համար։

Այդ շրջանակներում կիրականացվեն նաև այլ նյութերի փոխանակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանն ու լուծմանն ուղղված ծրագրեր։

Բացի այդ, հուշագրի շրջանակներում կկազմակերպվեն համատեղ գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ, լաբորատոր աշխատանքներ, կիրականացվեն դրամաշնորհային ծրագրեր։

Հուշագիրը «Էրեբունի» բժշկական ակադեմիայի շրջանավարտներին հնարավորություն կտա ՀՊՄՀ-ում իրականացնել շարունակական կրթությունը, օգտվել գրադարանից, իսկ Մանկավարժականի ուսանողներին՝ բժշկական ակադեմիայում անցկացնել ուսումնական, արտադրական, նախադիպլոմային և գիտաարտադրական պրակտիկաներ։

ՀՊՄՀ ղեկավար կազմը «Էրեբունի» բժշկական ակադեմիայում ծանոթացավ գործընկեր կրթական հաստատության մեթոդական և տեխնիկական հնարավորություններին։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ Մանկավարժական համալասարանն ունի մի շարք մասնագիտություններ, որոնք թույլ կտան ծավալել ակտիվ փոխգործընկերություն՝ ուսանողին հնարավորություն տալով շարունակել կամ զուգահեռ ձեռք բերել մեկ այլ մասնագիտություն ևս։

Պրոֆեսոր Գևորգյանը հավելում է՝ այսօր բժշկության ոլորտը լայն է և ներառում կրթական համակարգը ևս։ Պատրաստ են լավագույն փորձի փոխանակման․միջազգային կապերը, վերանայված առարկայական նկարագրերը, բուհում դասավանդող ոլորտի առաջատար մասնագետները ընձեռում են այդ հնարավորությունը։

«Էրեբունի» բժշկական ակադեմիայի ռեկտոր Արթուր Իկիլիկյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցում գործող մասնագիտություններն ու վստահեցրեց՝ 4-ամյա պատմություն ունեցող ակադեմիայի ձեռքբերումները քիչ չեն։

Ուսանողների կրթական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար ստեղծված են ժամանակակից բոլոր պայմանները․ ընդլայնվելու միտումներ կրթական հաստատությունը ևս ունի։

Ուրախ է մանկավարժական մայր բուհի հետ նոր սկսվող համագործակցության համար։ Ցավով է նկատում՝ հայաստանյան կրթական համակարգում շահերի բախումը հաճախ թույլ չի տալիս ստեղծել ակտիվ գործընկերային կապեր։

Ձեռք բերվեց փոխադարձ այցելության պայմանավորվածություն․ ռեկտոր Գևորգյանը վստահ է՝ բուհի զարգացման ուղենիշն ու մանկավարժական կրթությունը ժամանակակից պահանաջներին համապատասխանեցնելու ձգտումը երկուստեք հետաքրքրական կլինի։